Խառը տնտեսություն
Խառը տնտեսություն, շուկայական ինքնակարգավորման և պետական կարգավորման տնտեսական մոդելների համադրություն։ Այն հնարավորություն է տալիս Անհատ ձեռնարակատերերին ու ֆիզիկական անձանց ընդունել անկախ ֆինանսական որոշումներ, սակայն կառավարությունը և հասարակությունը ունեն գերակա դիրք այդ ֆինանսական հարաբերություններում։ Խառը տնտեսությունը, որպես շուկայական ինքնակարգավորման և պետական կարգավորման սկզբունքների համադրություն, համարվում է տիրապետող տնտեսաձև, որն իր յուրահատուկ դրսևորումներն է ունենում պատմական զարգացման անցյալ, ներկա և ապագա փուլերում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմագիտական բոլոր հետազոտությունները վկայում են, որ փոխանակության հարաբերությունները և տարբեր երկրների միջև առևտրական կապերը վաղնջական ժամանակներից գոյություն են ունեցել։ Շուկայական համակարգը ունեցել է կարևոր և վճռորոշ դեր տնտեսության զարգացման գործում։ Միևնույն ժամանակ, արտադրողների տնտեսական ազատության աստիճանը կախված է եղել գործող քաղաքական իշխանության բնույթից։ Մինչև 18-րդ դարը պետական կառավարման իշխող ձևը հիմնականում եղել է միապետությունը` իր տարբեր դրսևորումներով։ Միայն Հին Հռոմում և Հին Հունաստանում են գործել ժողովրդավարական կառավարման որոշ սկզբունքներ, որոնք տարածված են եղել հասարակության որոշակի խավերի շրջանակներում։ Շուկայական ինքնակարգավորման (հորիզոնական կոորդինացիա) և պետական կառավարման (ուղղահայաց կոորդինացիա) փոխհարաբերության ձևերից գերակշռել է վերջինը։ Այդ հարաբերակցությունը սկսել է փոխվել 17-րդ դարում Անգլիայում և 18-րդ դարի վերջին (1789 թ.) Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխությունների շնորհիվ, որոնք համաշխարհային քաղաքակրթության զարգացման նոր փուլի սկիզբ դրեցին։ Դրա առանցքային բնութագրիչը մարդու իրավական ազատության համար պայքարն էր, որը տարածվեց ոչ միայն եվրոպական, այլև մյուս մայրցամաքների երկրներում։ Այդ ժամանակաշրջանից սկսած` շուկայական ինքնակարգավորման սկզբունքները, որոնք կառուցված էին մասնավոր սեփականության և արտադրողների իրավական ու տնտեսական ազատության հիմքի վրա, աստիճանաբար սկսեցին տիրապետող դառնալ տնտեսական գործունեության բոլոր ոլորտներում։
Երբ ֆաշիզմը հաղթեց Գերմանիայում, այդ երկիրը դարձավ բռնատիրական, բայց պահպանվեց մասնավոր սեփականությունը՝ ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ բոլշևիկյան բռնապետության հաստատումն ուղեկցվեց մասնավոր սեփականության ոչնչացմամբ։ Գերմանիայում ուժեղացավ պետական հսկողությունը տնտեսության նկատմամբ։ 1960-ական թվականներին սոցիալիստական ճամբարի մի շարք երկրներում (Հունգարիա, Լեհաստան, Չեխոսլովակիա, իսկ Հարավսլավիայումհետպատերազմյան ժամանակաշրջանից սկսած) տնտեսական բարեփոխումների շնորհիվ ընդլայնվեց տնտեսության կարգավորման շուկայական սկզբունքների դերը, որի արդյունքում հատկապես Հարավսլավիան, իսկ հետագայում նաև Հունգարիան ապահովեցին տնտեսական մեծ աճ այդ համակարգում գործող մյուս երկրների, հատկապես Խորհրդային Միության համեմատությամբ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.- Եր.։ Տնտեսագետ, 2008. - 172 էջ
- Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.՝ տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.- Եր., Տնտեսագետ, 2009. - 752 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 32)։ |